Ինչու՞ Բայրամովը մերժեց Հայաստանի երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման վերջին առաջարկությունը

Ինչպես հայտնի է, մոտ երկու շաբաթ առաջ  Հայաստանը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին էր ներկայացրել իր առաջարկությունները երկու երկրների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կյանքի կոչելու համար: Մանրամասն այդ առաջարկների մասին տեղյակ են եղել Հայաստանում միայն իշխանության ներկայացուցիչները: Միակ  դրույթը, որը հրապարակվել էր՝ դա ներկա դրությամբ երկու կողմերի զինված ուժերի հայելային հետքաշման առաջարկն էր:  Այս առաջարկի իմաստը կայանում էր նրանում, որ կոնֆլիկտի նոր բռնկման բարձր ռիսկայնության պայմաններում երկու երկրների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները չեն կարող նորմալ ձևով իրականացվել:

Ադրբեջանական կողմը Հայաստանի այս առաջարկը գնահատել է որպես նախապայման և նշել, որ իբր  հայկական կողմը փորձում է ձգձգել սահմանների ճշգրտման հարցը, որպեսզի փաստացի ձախողի այս գործընթացը: Բաքուն Հայաստանի այս քայլը գնահատել է, որպես 2021 թվականի Սոչիում կնքված համաձայնագրի կոպիտ խախտում, հայտարարելով, որ երկու երկրները պետք է անհապաղ սկսեն սահմանների սահմանազատման հարցի լուծումը, և առանց նախապայմանների:

Հայկական կողմի պատասխանից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, պարզ է դառնում, որ իրոք Երևանը մինչ սահմանազատման աշխատանքներ սկսելը Բաքվից պահանջում է, որպեսզի սահմանների մոտ անվտանգության երաշխիքներ ստեղծվեն, որպեսզի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները անցնեն առանց ավելորդ լարվածության և հնարավոր ցնցումների:

Ադրբեջանական կողմը մերժում է այս առաջարկը, նշելով, որ այս գործընթացը նա ուզում է անցկացնել իր կողմից՝ ուժային ճնշման տակ, քանզի նա պատերազմում հաղթած կողմն է: Այսինքն, Բաքուն չի էլ թաքցնում, որ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման գործընթացները նա ուզում է անցկացնել Հայաստանին պահելով իր ուժային ճնշման տակ: Փաշինյանի իշխանությունը քաջ գիտակցում է, որ նման պայմաններով բանակցելը Բաքվի հետ կնշանակի հետագայում նոր «Գորիս-Կապան» ճանապարների ձևովորումը Հայաստանի այլ վայրերում ևս:

Ադրբեջանցիներն էլ իրենց կողմից նշում են, որ եթե այդ ուժային ճնշումը  Հայաստանի վրա չլինի, ապա Երևանը այս բանակցային գործընթացը կդարձնի «բանակցություններ հանուն բանակցությունների» ձևաչափով դատարկ զրույցների հարթակ, ինչպես դա կատարվում էր Ղարաբաղի շուրջ  Մինսկի  խմբի շրջանակներում, ավելի քան 25 տարի:

Ավելին, Ալիևը վերջին իր հարցազրույցներից մեկում փաստացի սպառնաց Հայաստանին՝ հայկական կողմին տալով 6 ամսվա ժամանակ:

Ինչպիսին կարող է լինել հայկական կողմի հաջորդ քայլը, դժվար է ասել:

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը մի կողմից փորձում է ձգձգել այս հարցը, և մյուս կողմից փորձում է սահմանադրական փոփոխություններով էլ ավելի ամրապնդել իր իշխանությունը երկրի ներսում, որպեսզի եթե նա  պարտադրված վիճակում ստիպված լինի գնալ զիջումների, ապա դա չբերի իր իշխանության փլուզմանը:

Փաշինյանի համար իսկապես դժվար վիճակ է առաջացել, քանզի պարտված գործչի հետ այլ ձևով չեն բանակցում:

Միայն Հայաստանի նոր ղեկավարը կարող է փոփոխել իրերի այս իրավիճակը և Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ապահովել: Իհարկե, այս դեպքում էլ մենք մեծ խնդիրներ չեն կարողանա լուծել, քանզի պարտված երկրի ցանկացած ղեկավար դա չի կարող իրականացնել: Սակայն Հայաստանի սահմանների հարցում նոր ղեկավարը միանշանակ կարող է ավելի բարենպաստ պայմաններ ապահովել, քան՝ պատերազմում պարտված ղեկավարը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

https://zham.am/?p=126686&l=am

Оставьте комментарий