Ահա, թե ինչ է պատասխանել Բաքուն Փաշինյանին.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատասխանել է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և նշել, որ այդ գործընթացը պետք է սկսվի առանց նախապայմանների: «Մոտ երկու շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ նոր առաջարկներ: Որոշակի առումով այդ գործընթացի մեկնարկի համար առաջ են քաշվել նախապայմաններ: Սեղմ ժամկետներում Ադրբեջանն իր դիրքորոշումն է հայտնել հակառակ կողմին,- ասել է Բայրամովը Բաքվում Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյրտոյի հետ մամուլի ասուլիսում: Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց նախապայմանների:

Ըստ Բայրամովի՝ կարիք չկա «կրեատիվ» մոտեցումներ մշակել սահմանազատման հարցում, միջազգային սահմանները պետք է ճանաչվեն: Նա նաև նշել է, թե Ադրբեջանը չի տեսնում, որ հայկական կողմը «այդ ուղղությամբ կայուն և հետևողական դիրքորոշում է ցուցաբերում: Նա նաև նշել է, որ Հայաստանը, որը «30 տարի շրջափակված է պահել ադրբեջանական հողերը, չունի ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական իրավունք՝ սահմանազատման հարցում որևէ նախապայման առաջ քաշելու համար:
Փաշինյանի, «խաղաղության դարաշրջանի» երազանքին այսպես են պատասխանում

Ադրբեջանից՝ Հայաստանի իշխանությունն ըստ Բաքվի, ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական իրավունք՝ սահմանազատման հարցում որևէ նախապայման առաջ քաշելու համար:

Իսկ ի՞նչ էր առաջարկել Հայաստանը, զորքերը հետ քաշել, այն դեպքում, երբ Հայաստանի տարածքում են գտնվում ադրբեջանական ստորաբաժանումները: Նույնիսկ խաղաղության հաստատման հասնելու ճանապարհին ամենակարևոր քայլը՝ զորքերի հետքաշումը Ադրբեջանի սրտով չի, նրանք ցանկանում են Հայաստանին պահել մշտական տագնապի, սպառնալիքի ներքո:

Երեկ երեկոյան Հայաստանի ԱԳՆ խոսնակն արձագանքեց Բայրամովի հայտարարություններին…

Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ, պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել: Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ», — ընդգծել է Վահան Հունանյանը:

Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը «ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»: Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը որակել է «առնվազն տարօրինակ»:

«Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման գործնական քայլերի փուլում է և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են և հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում», — ընդգծել է Հունանյանը:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է:

Փաստորեն, ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել. «Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը»:

Ահա, այն ամենը ինչ պետք է իմանալ «կառուցողական» Ադրբեջանի այսօրվա իշխանությունների մասին:

Մետաքսյա Շալունց

https://hayeli.am/?p=664417&l=am

Оставьте комментарий