Հետեւողականորեն հանձնելու ենք Հայաստանը․ Նիկոլ Փաշինյանի պատասխանն Ալիեւին

Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում հերթական անգամ խոսել է «խաղաղ դարաշրջանի» մասին․ «դրա համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել կամ ցույց տալ կամ մղել մեզ այն մտքին, որ դա հնարավոր չէ։ Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով», ասել է նա։

Ինչպես կասեր հայտնի թուրքահպատակը՝ առիթ միշտ էլ կգտնվի, տվյալ դեպքում Փաշինյանի հերթական հայտարարության առիթը ՀՀ արեւելյան մասում մարտական գործողություններն էին, որոնց հետեւանքով երեք զոհ ունենք։ Նկատենք՝ թե գերիները, թե մարտական գործողությունների ժամանակ զոհերը Նիկոլ Փաշինյանի համար «պողպատե» փաստարկ է իր ցնորական գաղափարի համար, Բաքվի գործողություններն արդարացնելու շարքում։ Ինչպես, օրինակ, Բաքվի ներխուժումները նա արդարացնում է սովետական քարտեզներով։

Պետության որեւէ մեղսունակ, պետական պատասխանատվության նվազագույն զգացում ունեցող ղեկավար լիովին այլ հայտարարություններ կաներ թշնամու ահաբեկչական գործողությունների ու սադրանքների պարագայում, առավել եւս այն պետության, որին պարտադրվել են ծանր պայմաններ ու համաձայնություններ։ Պարզ ասած՝ թշնամու քայլերը հիմք են այդ իրավիճակից դուրս գալու համար։

Այս ֆոնին, Փաշինյանի հերթական հայտարարությունը հերթական հավաստիացումն է Ալիեւին, որ իր խմբակը չի նահանջելու հայաստանի շահերը հանձնելու ճանապարհից։ Հիշեցնենք, երեկ Ալիեւը հանդես էր եկել Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական չափաբաժնով, այդ թվում՝ Երեւանի վերաբերյալ։ Ընդ որում, կարեւոր է ընդգծել նրա այն հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղության պայմանագիրն էլ չի երաշխավորելու խաղաղությունը։

Խաղաղությունը կատակ բան չէ, եւ բարեբախտաբար թե դժբախտաբար՝ կախված չէ ոչ Փաշինյանից, ոչ էլ Ալիեւից։ Բացի այդ, խաղաղությունը չի վերաբերում քաղաքականության օբյեկտներին ու դրանց կատարածու կառավարիչներին՝ այն վերաբերում է միջազգային դերակատարության հայտ ներկայացնող սուբյեկտներին։ Խաղաղության դարաշրջանը դերակատարում չէ, ի հիասթափություն իշխանական անմեղսունակ խմբակի, այլ՝ «խաղաղության» օբյեկտ դառնալու պատրաստակամություն, որի վերացման հաշվին էլ հաստատվելու է ապագա ստատուս-քվոն։

https://www.lragir.am/2022/01/13/692731/

Оставьте комментарий