Թուրքագետ Պեսկովի «ջախջախիչ» պատասխանը՝ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝ «Թյուրքական աշխարհի քարտեզի» հետ, որում ներառված է Ռուսաստանի տարածքի մի զգալի մասը, այդ թվում՝ Սիբիրը, վերջապես ուշադրության է արժանացել Կրեմլում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը «Թյուրքական աշխարհի» քարտեզի հետ։

Պեսկովը նշել է, որ նորմալ է համարում այն, որ թուրք գործընկերները պահպանում են թյուրքական միասնության գաղափարը։ Սակայն, ինչպես հեգնանքով նշել է պաշտոնյան, Կրեմլում «ցավում են, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանում՝ Ալթայում»։

«Մեր թուրք գործընկերները գուրգուրում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է։ Ես միայն կարող եմ ափսոսալ, որ քարտեզի վրա, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում։ Այն Թուրքիայում չէ, այն Ռուսաստանի Դաշնության տարածքում է՝ Ալթայում, յուրաքանչյուր թյուրքի համար սրբազան այն վայրում, որտեղից էլ նրանք գալիս են ծագումով։ Սա որպես թուրքագետ եմ ասում»,-ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ հիշատակված քարտեզն օրերս Էրդողանին էր նվիրել Թուրքիայի Ազգային շարժման կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին։ Էրդողանի և Բախչելիի լուսանկարը՝ քարտեզի հետ միասին, տեղադրվել է կուսակցության Twitter-ում: Այսինքն, ակնհայտ էր, որ այդ «ակցիան» նպատակաուղղված էր հանրայնացվել, հակառակ դեպքում Բախչելիի այցը նախագահական չէր ցուցադրվի: Դա հստակ ուղերձ էր նախևառաջ Ռուսաստանին:

Իսկ «Թյուրքական աշխարհում», Բախչելիի վարկածով, ներառված են Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։
Հիմա ՌԴ նախագահի մամլո խոսնակի մեկնաբանությունը մի կողմից հեգնական է, այն առումով, որ Անկարային, կարծես, հիշեցնում են նրանց ծագման մասին ու ցույց տալիս ռուսական հետքը…

Բայց որքանո՞վ է այն ադեկվատ պաշտոնական Անկարայի այսօրվա հավակնություններին նախկին խորհրդային հանրապետություններին: Ի վերջո, նույնիսկ Ռուսաստանի փորձագետների, մեկնաբանների համար ակնհայտ է, որ այսօրվա ռուսական ռազմաքաղաքական իշխանությունը բռնել է Անկարայի հետ հարաբերությունները չսրելու, այլ սերտորեն համագործակցելու քաղաքականություն:

Մետաքսյա Շալունց

https://hayeli.am/?p=656860&l=am

Оставьте комментарий