Որտեղից են սերել թուրքերը, ցեղասպանություն չի եղել, Ղարաբաղն Ադրբեջան է, էլ ի՞նչ Թուրան եք ուզում․ Պուտինի «ափսոսանքը»

Կրեմլը արձագանքել է «թյուրքական աշխարհի» կամ Թուրանի քարտեզին, որի ֆոնին նկարվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Քարտեզն ընդգրկում է Ռուսաստանի որոշ շրջաններ:

Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է․ «Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում: Այդ կենտրոնը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»: Պեսկովը նշել է, որ դա յուրաքանչյուր թյուրքի համար այն սրբազան վայրն է, որտեղից նրանք սերել են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ափսոսանքը եւ հիշեցումը հիմքեր ունի․ պանթուրքիզմի գաղափարախոսությունը մշակվել է Ռուսաստանի իշխանության հատուկ կենտրոններում եւ դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտիներում՝ Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում Արեւմուտքի հավակնությունների դեմ պայքարելու միջոց։ Հայաստանի պարագային, թուրքական գործոնը, ինչպես 100 տարի առաջ, Մոսկվան լայնորեն օգտագործում է Հայաստանը որպես ինքիշխան պետական միավոր ոչնչացնելու նպատակով:

Թյուրքական աշխարհն ուրանո՞ւմ է Կրեմլին, սպառնո՞ւմ, որ Կրեմլից հիշեցնում են, թե որտեղից են սերել թուրքերը, ով է նրանց փայփայել, սնել հայերի տարածքներով ու կյանքերով։

Հիշվում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Կյուժուգեթ-օղլու Շոյգուի արձագանքը Թուրանի միասնական բանակի ստեղծման վերաբերյալ ղազախական գործակալության հարցին։

«Դուք երազում եք այդ մասին, փորձում եք ինչ որ քայլեր անել: Ինչի՞ համար եւ ո՞ւմ դեմ: Ո՞ւմ դեմ է ուղղված այդ բանակը, եթե Ռուսաստանում էլ թյուրքական ժողովուրդներ են ապրում», ասել է Շոյգուն։ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին Շոյգուն ասել էր. «Համատեղ աշխատանք: Բարդ է, քանի որ խանգարում են… Բայց մենք տարբերակներ ենք գտնում: Օրինակ, Իդլիբի գոտին… Վերջին աշխատանքն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղն է: Դա բավական բարդ օպերացիա էր»:

Այսինքն՝ Ռուսաստանում միլիոնավոր թուրք է ապրում, Թուրքիայի հետ միասին հայերից խլել ենք Ղարաբաղը, 5000 հայ սպանել՝ էլ ինչ եք ուզում, ի՞նչ Թուրանի բանակ, ո՞ւմ դեմ է, մե՞ր դեմ:

Կրեմլի «ափսոսանքի» առիթ է նաեւ այն, որ նախագահ Պուտինը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը Բայդենի կողմից այն ճանաչելուց հետո։

Ռուս-թուրքական հարաբերությունների խնդիրները հանգուցվում են Հայաստանի հարցում։ Քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի մեկնությամբ՝ «Ռուս-թուրքական էթնիկ ընդհանրությունների գործոնը Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան հարաբերություններում առաջին պլան մղելը վկայում է երբեմնի «ինտերնացիոնալիստ» Մոսկվայի ճարահատությունը: Հարավային Կովկասից անխուսափելի հեռանալուց հետո այնտեղ ինքնիշխան Հայաստան թողնելու հեռանկարը արթնացնում է Սեւրի սարսափները եւ ստիպում գնալ ինքնասպանությամբ հղի քայլերի: Նույն սարսափներով է առաջնորդվում նաեւ նախագահ Էրդողանը, երբ փաստարկում է Թուրքիային սպասող «Սեւրից էլ բեթար պարտադրանքներով» [Էրդողան, 3]: Ռուսաստանի կողմից գործ ունենք ոչ միայն «Հայաստանով վճարելու», այլեւ էթնիկ թուրքականության միջոցով «Հայաստանը ոչնչացնելու» մոլագարության հետ»:

https://www.lragir.am/2021/11/21/682846/

Оставьте комментарий