Պայմա՞ն, թե՞ նահանջ. ինչ հանձնաժողովի մասին է խոսում Բաքուն

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ համատեղ սահմանազատման և սահմանագծման հարցերի համատեղ հանձնաժողովի ստեղծումն ու գործընթացի սկսումը կթուլացնեն սահմանային լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Փաստացի, Բաքուն առաջ է քաշում ռազմական շանտաժից հրաժարվելու «պայմանը»՝ սահմանզատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ: Չկա որևէ երաշխիք իհարկե, որ սա «շեղող» պայման է, իսկ իրականում խնդիրը «միջանցքն» է, որի մասին սակայն դժվար է բարձրաձայն հայտարարել, եթե Ալիևի մակարդակով հայտարարել ես, որ «միջանցքի» հարցում խնդիր չունես:

Ընդհանուր առմամբ շատ բարդ է ասել, թե ո՞րն է Բաքվի այսպես ասած առանցքային մոտիվը, երբ նա դիմում է ռազմական շանտաժի քաղաքականության: Իրականությանը թերևս ավելի մոտ է այն, որ Ադրբեջանը ընդհանրապես փորձում է ստանալ ինչ կարող է, քանի դեռ ստացվում է գործածել ռազմական շանտաժի գործիքը: Հարց է առաջանում, թե ինչ է հնարավոր անել դրա գործածումը բացառելու համար: Առաջինն անշուշտ հայկական զինուժի մարտունակությունն է, երբ Բաքուն ռազմական շանտաժի որևէ փորձի պարագայում ստանա այնպիսի հակահարված, որ հստակ լինի դատապարտվածությունը:

Սակայն, պետք է նաև արձանագրել, որ ուժերի հարաբերակցությունը առայժմ այն չէ, որը կստիպի Բաքվին յոթը չափել և մեկ կտրել: Եվ այստեղ կա մեկ այլ առանցքային հանգամանք, որը ցավագին կերպով իրեն զգացնել տվեց ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտական գործողությունների ընթացքում: Հայաստանի ներքաղաքական, հասարակական-քաղաքական իրավիճակը: Մի կողմից Հայաստանը գրոհում էր ադրբեջանական զինուժը, մյուս կողմից Հայաստանի ներսում քաղաքական գրոհներ էին կազմակերպել արմատական ընդդիմությանն ու դրան մերձ ուժերը, փորձելով սահմանին տեղի ունեցող մարտերի և տագնապալի տեղեկությունների ֆոնին լուծել իրենց ներքաղաքական խմբային շահերը, հավաքել իշխանություն տանող ճանապարհի հնարավորինս շատ միավորներ: Այլ բան է, թե որքանով է ստացվել միավոր հավաքելը:Բանն այն է, որ ստացվել է հասարակական-քաղաքական շոկային միջավայր ապահովելը, ներքին կյանքում աղմուկ և քաոտիկ տրամադրություն առաջացնելը:

Քանի դեռ Բաքվի մոտ ստացվում է առնվազն այդ էֆեկտը, քանի դեռ Հայաստանի դեմ գրոհներին Հայաստանի արմատական ընդդիմությունը միանում է անհապաղ և սկսում խաղալ ոչ թե Հայաստանի դիմադրունակության, այլ հակառակը՝ խոցելիության վրա, Ալիևը թերևս չի հրաժարվի պարբերաբար առնվազն այդ էֆեկտը ստանալու հնարավորությունից: Այդ ամենով հանդերձ, սակայն, պետք է նկատել, որ Հայաստանի տարածք ներխուժման փորձի ուժգին հակահարված ստանալուց և կորուստներ կրելուց հետո Բաքուն կարծես թե առաջին անգամ խոսում է սահմանազատման և սահմանագծման մասին քիչ ավելի կոնկրետ, մասնավորապես՝ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության տրամաբանությամբ: Նախկինում արտահայտվել են իհարկե սահմանագծման և սահմանազատման գործընթացի օգտին բազմիցս, սակայն կոնկրետ մեխանիզմի՝ համատեղ հանձնաժողովի մասին խոսվում է թերևս առաջին անգամ:

Ըստ այդմ, Բայրամովի հայտարարությունը կարող է դիտարկվել որպես «դեմքը փրկելով» նահանջի դրսևորում: Ստույգ և միարժեք եզրակացության համար հիմքը բավարար չէ, սակայն հատկանշական է, որ հենց հայկական հակահարվածից հետո է Ադրբեջանը որոշակի կոնկրետությամբ խոսում սահմանագծման և սահմանազատման գործընթացի կողմ լինելու և դրա անհրաժեշտության մասին, եթե մինչ այդ անում էր ընդհանրական հայտարարություններ: Ընդ որում հատկանշական է, որ այդ միտքը բարձրաձայնելու համար ընտրվել է թուրքական լրատվական տիրույթը: Իրողությունը սակայն ունի թերևս հետագա դիտարկման անհրաժեշտություն, առավել ճշգրիտ գնահատման գալու համար:

https://www.1in.am/3033238.html

Оставьте комментарий