Ռուսաստանի ներկայության վերջի սկիզբը. ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բազմիմաստ քարտ-բլանշը

ՌԴ նախագահ Պուտինը այդ երկրի արտգործնախարարության կոլեգիայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մեծանում է ՌԴ դիվանագիտության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի կարգավորման գործում: Պուտինի հայտարարությունն անշուշտ ունի մի քանի շերտեր, սակայն ընդհանուր առմամբ թերևս այն արտահայտում է իրավիճակը, որ ծավալվում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Մասնավորապես, ինչպես նշել եմ վերջին շրջանում բազմիցս՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն ու հայտարարությունների տրամաբանությունը հուշում է, որ ձևավորվում է ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան որոշակի ընդհանուր մոտեցում: Ասել, թե այն երկարաժամկետ հեռանկարի վրա է, կլինի թերևս շատ վաղ ու հապճեպ:

Պարզ չէ, թե կողմերը ժամկետային ինչ հաշվարկներ ունեն կապված իրադարձությունների զարգացման հետ: Ներկայումս նկատելի է այն, որ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան կարծես թե ընդունում են ՌԴ առանձնահատուկ դերը ստեղծված հետպատերազմյան իրավիճակում և որոշակիորեն ճանաչում այն ստատուս-քվոն, որ ձևավորել է Ռուսաստանն իր խաղաղապահ մանդատի առումով: Դրա մասին է վկայում, որ վերջին հայտարարություններում, թե համանախագահները, թե առանձին ԱՄՆ ու Ֆրանսիայի դիվանագետները գրեթե միշտ հղում են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու դրանում ամրագրված դրույթները իրականացնելու կարևորությանը:

Իհարկե այստեղ տողատակում կարող է լինել և այն, որ այդ հղումները ուղղված են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև հենց Ռուսաստանին, այն իմաստով, որ պետք է կարողանալ ապահովել սեփական «կնիքի» իրագործումը: Ավելին, պետք չէ բացառել և այն, որ ռազմավարական առումով հենց այդ հաշվարկն է, որ Ֆրանսիային ու Նահանգներին տակտիկապես  բերել է ՌԴ դերի «ճանաչման», այն ակնկալիքով, որ դրա դիմաց հնարավոր կլինի Մոսկվայից որոշակի զիջումներ ստանալ իրենց համար առավել հրատապ ու կենսական նշանակության հարցերում:

Առկա վիճակում ի վերջո շահում են բոլոր երեք համանախագահներն էլ՝ ձևաչափը մնում է և շարժվում, ինչը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար նվազագույն անհրաժեշտությունն է, ռուսները իրենց ներկայիս վիճակի հարցում հասնում են որոշակի ճանաչման՝ թեկուզ առայժմ ավելի շատ տակտիկական կարճաժամկետ էֆեկտի հավանականությամբ, ու այդպիսով իհարկե որոշակի առավելություն զգում Թուրքիայի նկատմամբ:

Բայց ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսական դիվանագիտությունն անկարող լինի համարժեք բավարարել իր մեծացող դերը: Դա կարող է դառնալ Կովկասում Ռուսաստանի ներկայության վերջի սկիզբը: Ի վերջո ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը խոշոր հաշվով անկարող է իրացնել այդ դերը առանց Արևմուտքի աջակցության, թեկուզ զուտ չխանգարելու տեսքով: Ըստ այդմ, Մոսկվայի դիվանագիտական հաջողությունը կախված է գուցե նրանից, թե որքանով կկարողանա զերծ մնալ այդ հաջողությունը Արևմուտքի դեմ պայքարը ծառայեցնելու գայթակղությունից:

https://www.1in.am/3033048.html

Оставьте комментарий