«Արթուրի մայրը այսօր հեռուստատեսությամբ է լսել, որ որդին զոհվել է, չգիտեմ՝ որտեղ է դիակը». համայնքապետ

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ:

Նրանց մեջ էր նաև պայմանագրային զինծառայող 1998 թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը, որը ծնվել և մեծացել էր Լոռու մարզի Անտառամուտ համայնքում։ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Անտառամուտ համայնքի ղեկավարի՝ Արայիկ Գևորգյանի հետ, որն ասաց՝ հպարտ է, որ ճանաչել է Արթուրին. «Շատ լավ մարդ էր, բանիմաց, խելոք, ժպիտը միշտ դեմքին, օգնում էր համայնքի բոլոր բնակիչներին»,- նշեց համայնքի ղեկավարը:

Վերջինս ասաց, որ Արթուրը ծառայել է Մատաղիսում, զորացրվելուց հետո 1 տարի ժամկետով մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել հայրենիք՝ աշխատելու որպես պայմանագրային զինծառայող: «Տղան 15 օր դիրքում էր լինում, 15 օր ներքևում, երբ իջնում էր դիրքերից, զբաղվում էր անասնապահությամբ, ընտանիքի միակ եկամտի աղբյուրը դա է:

Մի քիչ վատ են ապրում՝ կենցաղային սուղ պայմաններում»,- ասաց Արայիկ Գևորգյանը՝ հավելելով, որ ընտանիքում 4 երեխա են՝ 2 տղա, 2 աղջիկ, փոքրը՝ Արթուրն էր: Համայնքի ղեկավարն ասաց, որ Արթուրը մասնակցել է նաև 44-օրյա պետերազմին, որտեղ ստացել էր ձեռքի բեկորային վնասվածք: «Վերջին անգամ, երբ Արթուրը խոսեց ինձ հետ, ասաց՝ եկող տարի պիտի ամուսնանամ»,- ցավով վերհիշեց մեր զրուցակիցը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Оставьте комментарий