«Մեկօրյա պատերազմի» արդյունքը. ինչ է առաջարկել Ռուսաստանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման գործծընթացի առաջարկներ է ներկայացրել, որոնց հանդեպ Հայաստանի վերաբերմունքը դրական է, կառավարության նոյեմբերի 18-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ ՌԴ ՊՆ-ն մայիսի 12-ից ի վեր երեք անգամ ներկայացրել է այդպիսի առաջարկներ և բոլոր դեպքերում էլ Երևանի համար դրանք եղել են ընդունելի: Թե հատկապես ինչ առաջարկների մասին է խոսքը, մասնավորապես այս անգամ, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարելով ճշտել մանրամասները և ասելով՝ «փորձենք իրագործել Ռուսաստանի արած առաջարկների շրջանակներում և հիման վրա»:

Ռուսաստանի ՊՆ նոր առաջարկները փաստորեն անմիջապես հաջորդում են նոյեմբերի 16-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքով ծավալված մարտերին, որոնք ռուսական լրջմիտ վերլուծաբանական շրջաննակների ներկայացուցիչների մոտ արդեն ստացել են անգամ «մեկօրյա պատերազմ» բնորոշումը: Այն, որ խոսքը բնույթով պատերազմական իրադրության մասին է, վկայեց թերևս հանգամանքը, որ Երևանը հայտարարեց ռազմական փոխօգնության համար Ռուսաստանին դիմելու մասին: Իհարկե չի հաջորդել գրավոր դիմում, փոխարենը հաջորդել է հրադադարը՝ ՌԴ միջնորդությամբ, և առ այսօր հարաբերական կայուն իրադրությունը:

Արդյո՞ք Ադրբեջանին կանգնեցրել է փոխօգնության համար Մոսկվային դիմելու Հայաստանի քայլը, թե՞ դա դե ֆակտո կանգնեցրել է Մոսկվային՝ առնվազն փաստի առաջ: Շատ բարդ է իհարկե ասել, հաշվի առնելով այն, որ կովկասյան ռեգիոնում իրադարձությունները անկասկած զարգանում են իրենց վրա ունենալով ոչ միայն հենց ռեգիոնալ գործոնների, այլ նաև հարակից այլ բարդագույն և առավել ընդգրկուն աշխարհաքաղաքական նշանակություն ու ճակատագրականություն ունեցող խնդիրների ազդեցությունը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած «մեկօրյա պատերազմի» հանդեպ միջազգային արձագանքներում Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահների, ինչպես նաև այլ կառույցների, մասնավորապես Եվրամիության դիրքորոշումները եղել են բավականին համահունչ:

Հետևաբար, եթե ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնկված իրավիճակը եղել է ավելի լայն քաղաքական խնդիրների կամ առաջադրանքների լուծման միջոց, ապա դա եղել է «կոալիցիոն» միջազգային որոշում, իսկ, եթե Ադրբեջանն ագրեսիայով փորձել է լուծել խնդիրներ իր համար, ապա դա չի ստացվել և գործնականում մատնացույց են արել հարցերի լուծման այն մեխանիզմը, որ առաջարկվում է ՌԴ հովանու ներքո: Կստացվի՞ այս անգամ Ադրբեջանին պահել այդ դաշտում: Ուշադրության է արժանի այն, որ նախօրեին Բաքվից փաստորեն առաջին անգամ սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ հնչել է որոշակի դետալային հայտարարություն, այն մասին, որ կողմ են այդ հարցով հանձնաժողովի ստեղծմանը:

https://www.1in.am/3032614.html

Оставьте комментарий