Լարվածության շղթա, ներխուժում և պաշտոնանկություն. ինչ է արել Արշակ Կարապետյանը

Նիկոլ Փաշինյանի որոշումով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ այդ փոփոխության պատճառը սահմանային իրավիճակն է, Հայաստանի արևելյան սահմանի տեղամասերից մեկում ադրբեջանական զորքի Հայաստանի սահման ներխուժման փաստը:

Այդպիսով, պաշտոնական Երևանը փաստորեն ընդունում է, որ տեղի է ունեցել ներխուժում, թեև Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այդ մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչու՞ է պատասխանատվության ենթարկվում պաշտպանության նախարարը: Նա դառնում է քավության նոխա՞զ, թե՞ Արշակ Կարապետյանն իսկապես թերացել է և դրա հետևանքը եղել է Հայաստանի սահմանի, ասել կուզի տարածքային ամբողջության հանդեպ ադրբեջանական հերթական ոտնձգությունը:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում ասել է, որ լսելու են ԳՇ պետ Արտակ Դավթյանի զեկույցն իրավիճակի վերաբերյալ: Այս պահը հետաքրքրության է արժանի մեկ այլ առումով: Արդյո՞ք իրավիճակի համար պատասխանատվություն չի կրում զինուժի անմիջական կառավարումով զբաղվող գլխավոր շտաբը, ըստ այդմ նաև շտաբի պետը: Թե՞ այստեղ է, որ կա խնդիր և Արշակ Կարապետյանը գուցե գերազանցել է լիազորությունը ԳՇ պետի հետ և ԳՇ աշխատանքի հետ հարաբերակցության առումով: Հարցերը իսկապես շատ են և հանրության համար թվում է, թե նախարարի փոփոխությունը հասկանալի է, սակայն անկասկած է, որ կան անհասկանալի շատ հանգամանքներ, որոնք կարիք ունեն պարզաբանման, իհարկե որքան թույլ կտա ռազմական գաղտնիքի գործոնը:

Միաժամանակ, պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը, դրան նախորդած սահմանային լարվածությունը հարկ է դիտարկել թերևս ավելի լայն շղթայով: Մասնավորապես, նոյեմբերի 6-ին Արշակ Կարապետյանն այցել էր Արցախ, ինչը ավելի քան տասը ամիս ընդմիջումից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն էր: Այցը հասկանալի է՝ արժանացել էր Բաքվի զայրալից արձագանքին: Փաստորեն, նախարարի այցին հաջորդեց նոյեմբերի 8-ին բացահայտ սադրանք-սպանությունը Շուշիի մերձակայքում: Որքան է ուղիղ պատճառահետևանքային կապը, շատ դժվար է ասել, սակայն իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը բավականին ուշագրավ է:

Հետո ադրբեջանցիները տարածեցին տեղեկությունը Սև լճում դիրքային առաջխաղացման մասին, Հայաստանի ՊՆ-ը տարածեց հերքող տեղեկություն ու տեսանյութ: Հետո եղավ Շուշիի մոտ  ադրբեջանական հենակետի ուղղությամբ նետված պայթուցիչի դրվագը, և փաստորեն գրեթե զուգահեռ ներխուժումը Հայաստանի արևելյան սահմանային հատվածներից մեկը: Շղթան անկասկած առաջացնում է հարցեր, սկսած այն բանից, թե արդյո՞ք քննարկվել է նախարարի այցը Արցախ, ինչ շրջանակում, ինչ կարծիք է ունեցել Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք նախարարի պաշտոնանկության համար տեղի ունեցածը առիթ է, ոչ պատճառ, իսկ պատճառներն ավելի խորն են:

https://www.1in.am/3030901.html

Оставьте комментарий