Արցախի հարցը չի փակվել, այն լուծվելու է հօգուտ հայի, հայ ժողովրդի

Մեր զրուցակիցն է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, օրերս ադրբեջանցիների կողմից սպանված հայ երիտասարդի վրեժը լուծելու նպատակով ադրբեջանցիների հենակետի ուղղությամբ նռնակ է նետել արցախցի Նորայր Միրզոյանը: Ինչպե՞ս եք գնահատում։

Այն, ինչ տեղի է ունեցել մինչև այսօր, նոյեմբերի 9-ի հայտարարության անվտանգության երաշխիքների չպահպանման հետևանք է, 44-օրյա պատերազմում կատարված մարդու իրավունքների խախտման, հայերին ապրելու իրավունքից զրկելու փորձի հետևանքն է: Նորայր Միրզոյանը մի փոքր կայծ է արթնացրել այն առումով, որ հայը երբեք ծնկած ու պարտված չի ապրելու: Սա նաև սթափության կոչ է այն մարդկանց, մեր հակառակորդ պետության այն ներկայացուցիչներին, որոնք ասում են՝ Արցախի հարցը լուծվել է ու փակվել է: Արցախի հարցը չի փակվել, այն լուծվելու է հօգուտ հայի, հայ ժողովրդի: Սա կարող է նաև սթափության կոչ դիտարկվել ռուս խաղաղապահների համար, քանի որ նրանք նույնպես պետք է գիտակցեն իրականությունը: Մենք լավ գիտենք, որ թուրքը խաղաղ գոյատևելու, խաղաղ ապրելու համար շատ բարդ հարևան է, բայց խաղաղապահներն էլ պետք է իմանան, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ցանկացած փորձ պետք է արձագանքեն նաև այդ միջոցներով, սահմանված կարգով: Այն մարդիկ, որոնք փորձել են շուտ թաղել հայի ոգին, արդեն կարող են իմանալ այս մի փոքրիկ կայծից, որ հայը երբեք ծնկի չի գա: Այն ինչ կատարվել է մի քանի օր առաջ Շուշիի մոտակայքում, ճիշտ է իրավապահներին իրենց գնահատականը կտան, բայց ես խիստ կասկածում եմ, որ իրավապահ մարմինները պատասխանատվության կենթարկեն մարդասպան թշնամուն, որը խաղաղ բանվորների վրա է հարձակվել, մեկին սպանել, մյուսներին վիրավորել: Ես չեմ կասկածում, որ դա պատվերով է կատարվել:

Ինչ վերաբերում է Նորայր Միրզոյանին, նա փոխանցվել է Արցախի համապատասխան մարմիններին, և նրա առողջության, մարդու իրավունքների պաշտպանության համար նա կստանա ամեն ինչ, կկատարվի այնպես, ինչպես կարգն է: Սկզբնական շրջանում ժողովրդի մեջ մտահոգություն կար, որ կարող է ռուս խաղաղապահները Նորայրին փոխանցեն հակառակորդ կողմին: Մարդիկ սոցցանցերում նշում էին, որ ռուս խաղաղապահները այդպես չեն արձագանքել մի քանի օր առաջ ադրբեջանցու կողմից հայ խաղաղ բանվորի սպանությանը: Նաև Մարտակերտում է նման դեպք կատարվել, նաև սահմանի խախտում է տեղի ունեցել արևելյան ուղղությամբ: Հիմա Նորայրը գտնվում է Արցախում, Ստեփանակերտ քաղաքում։

Շուշիի մոտ հայ խաղաղ բնակչի սպանությունից հետո մենք տեսանք, որ որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ռուս խաղաղապահները ըստ էության, ոչինչ չարեցին, իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ Նորայր Միրզոյանը ձերբակալվեց, թեև հետո հանձնվեց հայկական կողմին:

Ռուս խաղաղպահների կողմից Նորայրին ձերբակալելը և հայկական կողմին փոխանցելը ճիշտ քայլ էր: Որովհետև հակառակորդի կողմից տեղում կարող էր նրա կյանքին վտանգ սպառնալ: Իսկ խաղաղապահներն առաջնորդվում են իրենց կանոնակարգով: Այդուհանդերձ, պետք է նկատեմ, որ ճիշտ է, խաղաղությունը պահպանում են երկու կողմերի համար, բայց մենք ի սկզբանե ոչ մի գործողություն չենք անում, մենք չնայած կորցրել ենք մեր պետության 70 տոկոսից ավելին, փորձում ենք տեղավորվել եղած կաղապարներում, մինչև ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն հետագա զարգացումների համար: Ռուս խաղաղպահներն, ինձ թվում է՝ հակառակորդի վերջին տարվա գործողություններից արդեն հասկացած կլինեն, որ պետք է գործեն ուժի դեմ ուժով: Նրանք մեզ պետք է պաշտպանեն, որովհետև մենք ագրեսիայի չենք դիմում, նախահարձակ չենք լինում, վտանգը հակառակորդ կողմից է: Նորայր Միրզոյանին բոլորը լավ են բնութագրում, իսկ այս վերջին արարքի մասին հասարակության մեջ բոլորը գովասանքով են խոսում, ասում են՝ սա իրականում հայի տեսակի առկայծումն է: Բայց պետական մակարդակով մենք պետք է ավելի ամրապնդենք մեր պաշտպանական համակարգը:

Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք էլ եք բարձր գնահատում այդ քայլը:

Ես տալիս եմ ժողովրդի գնահատականը, ես ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ եմ և միանշանակ արտահայտում եմ ժողովրդի կարծիքը: Մեր պետական կառույցները պետք է ավելի ամրապնդվեն, ավելի կատարելագործված աշխտեն՝ համագործակցելով մեր հայաստանյան գործընկերների, մեր եղբայրների հետ, որպեսզի բանը չհասնի Նորայրի և նրա նման հազարավոր տղաների քայլերին: Այս պահի դրությամբ ես բավարար չեմ համարում մեր պետական կառույցների գործունեությունը: Չէի ասի բոլորը, բայց կան հարցեր, կան բացեր, համապատասխան աշխատանքները պետք է կատարվեն, որպեսզի հասկանանք, որ ռուս խաղաղապահն այսօր պահպանում է խաղաղությունը, բայց ամեն մի պետություն, ամեն մի ազգ առաջին հերթին պետք է մտածի իր անվտանգության և պաշտպանության մասին: Եթե մենք ուզում ենք մեզ համար ապրել, գոյատևել, ու մտածում ենք, որ մեր անվտանգությունը պետք է թեկուզ մեր բարեկամը պաշտպանի, դա մշտական լինել չի կարող: Այսինքն, լինի մեր եղբայրը, բարեկամը, թե ռազմավարական դաշնակիցը, պետք է տեսնի, որ տվյալ պետությունը, տվյալ ազգը ուզում է նաև իր ուրույն ներդրումն ունենալ իր պաշտպանության, իր պաշտպանունակության վրա:

Оставьте комментарий