Փարիզը ՄԱԿ ԱԽ-ին կներկայացնի՞ 2020 թ․ պատերազմի արդյունքները չճանաչող բանաձև

Ալիևն ու Էրդողանը Թյուրքական խորհրդի նիստին Պուտինի հետ պայմանավորվածությամբ պետք է հայտարարեին «Զանգեզուրի միջանցքի» բացման և թյուրքական աշխարհի միավորման մասին։ Հայտարարությունը չի արվել ։

Մինչ Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ «գործնական քայլեր» կատարել 3+3 հարթակում, իսկ Բաքվի զինվորականները գիշերվա քողի տակ «մաքսակետեր» էին տեղակայում Գորիս-Կապան ճանապարհին, նոր գործընթաց է սկսել Փարիզում և Երևանում։

Հայաստանի և Բաքվի արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ի և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել են արցախյան կարգավորման «մնացած» հարցերին լուծում գտնելու Փարիզի ջանքերը։

Մեկնաբանություններ են արվում, թե ինչու Մոսկվան և Բաքուն, որոնք նախկինում տորպեդահարում էին ՄԽ-ի աշխատանքը, համաձայնեցին հանդիպման։ Կա միայն մեկ վարկած՝ հակառակ դեպքում Փարիզը խոստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել 2020 թվականի պատերազմի արդյունքները չճանաչող բանաձև։ Ֆրանսիայի Սենատն ընդունել է բանաձև, որը կոչ է անում վերադառնալ 1994 թվականի իրողություններին։

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ «Ֆրանսիան աշխատում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»։ Այնուհետև, սակայն, դեսպանն ուղղել էր ինքն իրեն. «Ըստ ամենայնի, ես այնքան էլ հստակ չեմ ձևակերպել իմ խոսքերը։ Խոսքը, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին է»։ Բայց, դատելով համանախագահների հայտարարությունից, հավանական փաստաթուղթը պատրաստում է Ֆրանսիան։

Հայաստանը վերացնելու ռուսական քաղաքականությունն ակնհայտ է դարձել։ Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել ՀՀ համապատասխան մարմիններին գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը պատրաստել էր հայտարարության տեքստ, որտեղ ներկայացված էին հայկական իրավունքներն ու պահանջները։ Ու թեև իշխող կուսակցությունը տապալել է հայտարարության ընդունումը, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանում անցել է կարմիր գծերը։

Մինսկի խմբի գործունեության վերսկսումը և Հայաստանում ներքին դիմադրության ուժեղացումը կարող է փոխել իրավիճակը։

https://www.lragir.am/2021/11/12/681084/

Оставьте комментарий