Թուրք-Ադրբեջանական մեծ սшդրանք ընդդեմ ռուսшկան խաղաղшպահների՝ Արցախում

Սեպտեմբերի 6-ից Լաչինում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ռազմական գործակցությունը ռազմական գործողություններ իրականացնելիս, զարգացնել հրամանատարների՝ որոշումներ կայացնելու և ստորաբաժանումները կառավարելու հմտությունները:

Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմատեխնիկայի և այլ ռազմական միջոցների կիրառման հմտությունների բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում՝ որքան կտևեն զորավարժությունները, ոչ էլ՝ մասնակիցների թիվը և օգտագործվող ռազմատեխնիկան:

Իսկ ադրբեջանական տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ «Երեք եղբայր-2021» միջազգային վարժանքը՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, հնարավոր է՝ անցկացվի Շուշիի շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում:

Իրականում, Ադրբեջանի կողմից վերջին շրջանի քայլերն ուղղված են ընդդեմ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության: Այստեղ սկսել են բաց խոսել այն մասին, որ ռուս խաղաղապահները մանդատ չունեն, գրեթե մեղադրում են՝ «ինչ ուզում են, անում են»:
Արդեն Ալիևի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ օրերս նրա խորհրդականը չդիմացավ, հիշեցրեց ռուս խաղաղապահներին, թե՝ «իրենց հողում են»:

«Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր», BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: «Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», — ասել է նա, հավելելովռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան:

Նախագահ Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով`իրավական շրջանակները։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», — ասել է նա:

Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով` Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի հստակեցրել: Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ:

«Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը», — օրեր առաջ ասել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը:

Ղարաբաղյան հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացելկուլիսային քննարկումների վերաբերյալ: Ադրբեջանցի մի պաշտոնյա, մասնավորապես, անանուն մնալու պայմանով, Միջազգային ճգնաժամային խմբին պատմել էր, որ դեռ անցած տարվա դեկտեմբերինպատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում:
Ադրբեջանը մի շարք դրույթների հետ համաձայն չի եղել։

«Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարիտարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում»,- Ճգնաժամային խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյահավելելով` այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից:

Ռուս պաշտոնյաներից մեկն էլ, կրկին անանուն մնալու պայմանով, փոխանցել էր, որ Կրեմլը չի ձգտում ստանալ այդ փաստաթուղթը`ամեն գնով: «Մոսկվայի համար կարևոր է, որ խաղաղապահների իրավունքներն ու պարտականությունները ընդունելի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար», — ասել է ռուս պաշտոնյան, հավելելով․ — «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը»:

Ըստ «Ազատության»՝ Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը հրապարակվել էր անցած հունիսին, անցել է առնվազն երեք ամիս, սակայն, այս հարցում առաջընթաց դեռ չկա: Փաստացի, մոտ մեկ տարի է`նոյեմբերից ի վեր, հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են միայն եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա:

Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած այդ հայտարարությունը, մինչդեռ, չի հստակեցնում`կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները, և ինչ կարող են անել, եթե, ասենք, շփման գծում լարվածությունը կրկին աճի:

Հիմա Ալիևը զգում է, որ ժամանակն իր օգտին չի աշխատում: Այդ իսկ պատճառով դիմում է տարբեր սադրանքների՝ թե՛ սահմաններում, թե՛ դիվանագիտական ճակատում: Նպատակը մեկն է՝ չհաստատել ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում, և հասնել ռուսներին ԼՂ-ից դուրս հրավիրելուն:

Մետաքսյա Շալունց

https://hayeli.am/?p=648410&l=am

Оставьте комментарий